Երաժշտական աշխարհի մեծահամբավ երախտավորներից է աշխարհահռչակ երգիչ (տենոր) Ալեքսանդր Կարատովը, ով ոչ միայն հայ ազգային օպերային թատրոնի հիմնադիրներից մեկը դարձավ, այլև կանգնեց երևանյան օպերետային թատրոնի կառուցողների առաջին շարքերում:
Արձագանքելով Շարա Տալյանի և Հայկանուշ Դանիելյանի կոչին՝ Կարատովը ոչ միայն ինքնակամ լծվեց թատրոնաստեղծ շնորհակալ գործին, այլև օպերային թատրոնից իր հետ բերեց երիտասարդ արվեստագետների մի խումբ համալրելու համար նվագախումբը, երգչախումբը, բալետային խումբը:
Կարատովի առաջին դերերգը Լյուսիեն Բոմիեն էր Վ. Վալենտինովի ‹‹Հրո քրմուհին›› օպերետում, որի բարձրարվեստ կատարումը ոչ միայն նշանավոր երգչի հերթական հաղթանակը եղավ և բարձրացրեց նորաստեղծ թատրոնի հեղինակությունը, այլև ինքն իր համար հայտնաբերեց օպերետային ժանրի դերասանին և իրար հետևից խաղաց Սաքոյի (‹‹Ուշ լինի, նուշ լինի››), Արմենի (‹‹Կարինե››) դերերգերը:
Թատրոնի կողմից կազմակերպված բոլոր համերգների մասնակիցն է եղել Ալեքսանդր Կարատովը, սիրվել և ջերմորեն է ընդունվել երաժշտասեր ունկնդիրների կողմից: |