Նշանավոր դիրիժոր և խմբավար Արամ Տեր-Հովհաննիսյանը երաժշտական կոմեդիայի թատրոն հրավիրվեց 1942-ին` նրա հիմնադրման օրից, դառնալով թատրոնի առաջին գլխավոր դիրիժորն ու խմբավարը:
Նորաստեղծ թատրոնում իր ղեկավարության չորս տարիների ընթացքում (1942-1946թթ) նա ղեկավարեց 10–ից ավելի օպերետներ և երաժշտական ներկայացումներ, որոնք թատրոնի պատմության ոսկե էջերը դարձան:
1942թ ապրիլի 19-20-ին Արամ Տեր-Հովհաննիսյանն իրագործեց Տ. Չուխաջյանի ‹‹Կարինե›› օպերետի (‹‹Լեբլեբիջի Հոր-հոթ աղա››) համերգային կատարումը, որը հիմք դրեց նրա փառահեղ բեմադրությանը նույն թատրոնում:
Իր ղեկավարության ոչ մեծ ժամանակահատվածում նա պատրաստել և ղեկավարել է արևմտաեվրոպական և հայկական դասական օպերետների ներկայացումներ, որոնցից` ‹‹Բայադերա››, ‹‹Հրո քրմուհին››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Սիլվա›› (հայերեն և ռուսերեն), ‹‹Լեբլեբիջի››, ‹‹Մարիցա››, ‹‹Խեղճ Իոնաֆան››, ‹‹Ուշ լինի, նուշ լինի››, ‹‹Թագավորը զվարճանում է››, ‹‹Սերենադա››, ‹‹Մարիցա››, ‹‹Ռոզ Մարի›› բեմադրությունները երկար տարիներ մնացին խաղացանկում, ուղենիշ դառնալով թատրոնի ստեղծագործական առաջընթացի, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման, խաղացանկի հարստացման գործում:
|