Ավիկ Խալաթյանը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ` պետական երաժշտական կամերային թատրոնից և նույն ավյունով շարունակեց ստեղծագործել, արժանանալով բարձր գնահատականի և հանդիսատեսների ջերմ ընդունելությանը:
Ավիկը (Ավոն` ինչպես հանրածանոթ է նա հանրությանը) բնականից օժտված է երաժշտական ձայնով, նուրբ քնարականությամբ,գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ է և հմայիչ:
Էստրադային-համերգային գործունեության հետ մեկտեղ, նա հաստատվեց նաև թատրոնում և առաջին իսկ դերակատարումով` Չարենց, Աղասի Այվազյանի ‹‹Չարենցի ուղղիչ տունը›› չարենցյան խոսքի համոզիչ շեշտով շնորհալի դերասանի հայտ ներկայացրեց:
Հիմնականում խաղալով կատակերգական դերեր, Ա. Խալաթյանն ապացուցեց, որ դերից-դեր աճող, բարձրացող դերասան է` յուրահատուկ ձայնով ու ձևերով, հետաքրքիր է յուրաքանչյուր անձնավորման մեջ, ձայնը` երաժշտական է, կեցվացքը` սլացիկ:
Այս ամենով հանդերձ Ավիկը անկեղծ է բեմում, անմիջական, ճկուն:
Նրա ուշագրավ դերերից են` Շխոն ‹‹Ինձնից պրծում չկա››, Կոտե Փանդիաշվիլին ‹‹Խանումի արարքները››, Ոստիկանը ‹‹Էսպես մինչև երբ±...››, Կիպարը ‹‹Պաղտասար աղբար›› և հատկապես մեծ ուշադրության արժանացած Խեղկատակը` Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր›› և Բաբիկը` Ժորա Հարութունյանի ‹‹Պարոն Բաբիկը և մյուսները›› բեմադրություններում: |
 |
|