Ժասմենը երաժշտական կոմեդիայի թատրոն եկավ նրա դժվաին տարիներին, երբ թատրոնը չուներ իր սեփական շենքը, գործում էր ‹‹անիվների վրա›› և չկար անփորձ դերասանուհու հետ զբաղվելու, նրան օգնելու ժամանակ:
Սակայն ակտիվ էր Ժասմենը, կենսախինդ, հետաքրքիր արտաքինով, առինքնող և չէր կարող աննկատ մնալ և շուտով ներմուծվեց ներկայացումներում և ստացավ նոր դերեր:
Անմիջական ու անկեղծ էին նրա Վարդուհին (‹‹Արևը Ձեզ հետ››), Սյուզոնը (‹‹Ութ սիրագորով կանայք››), Անետ Բլանչերը (‹‹Թուլակամը››), Էժենին (‹‹Կասկածը կնոջ սրտում››), Ուրանիան (‹‹Հիմարից հիմարը››), Զառան (‹‹Իմ զոքանչը››), Ադելաիդան (‹‹Տաքսի, տաքսի››):
Մանկան զվարթությամբ ու աշխուժությամբ էին օժտված երիտասարդ աղջիկների՝ Մանուշի (‹‹Սուրի և Սամի արկածները››) և Օլյայի (‹‹Կողպեքի գաղտնիքը››) կերպարները՝ չարաճճի, աղմկալից, դերասանուհու ձայնը հնչում էր մանկան պարզությամբ:
Ճիշտ հակառակ նկարագիր ուներ Սոնան (‹‹Ոշ լինի-նուշ լինի››): Այն սուր գրոտեսկային կերպար էր, հարաշարժ, հնարամիտ, տգեղ էր, բայց համառ, իր խաբեությունների մեջ՝ նպատակասլաց:
Օպերետային դերասանուհի, թեթևաբարո, Նիցա-Կիցայից հետո (‹‹Պահանջվում է ստախոս››), Ժասմենը ստեղծագործական մեծ անցում կատարեց ընչազուրկ և դստերը կորցրած վշտացյալ մոր Մարիամգյոլի (‹‹Պըլը-Պուղի››) խռովքը ներկայացնող դերակատարումով:
Քնարական է Ժասմեն Ասրյանի Քլեան (‹‹Եզոպոս››). հուզական, գեղեցիկ, խելացի:
Թատերական քննադատությունը նրա դերակատարումներից ամենից շատ հոլովել է Քլեայի կերպարը՝ համարելով այն ստեղծագործական ձեռքբերում:
Ժասմենը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ, ստեղծագործում է, ունի տպագրված բանաստեղծություններ: |
 |
|