Դերից դեր աճող դերասան է Հովակ Գալոյանը:
Հմայիչ է նա իբրև հերոս, ունի բեմական հստակ խոսք, երաժշտական է ու ճկուն, երգում է, պարում, լավ խաղընկեր է` բեմում օգնող ու լրացնող:
Պատկառելի թիվ է կազմում նրա խաղացած դերերի ցանկը` տարաբնույթ խառնվածքով, երբեմն իրարամերժ անձնավորումներով:
Առաքինի երիտասարդներ են նրա անձնավորած Արմենակը (‹‹Փարիզեցի փեսան››), Դավիթը (‹‹Արևը Ձեզ հետ››), Կոտեն (‹‹Խանումի արարքները››):
Զավեշտական ու ավանդական կերպարներին հատուկ ազնիվ հումորով են շաղախված նրա Ֆաբրիցիոն (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Արլեքինը (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Մարկիզը (‹‹Պարտիզպանի շունը››), իսկ Կինեսիասը (‹‹Լիսիստրատե››), Մուկուչը (‹‹Տեր մի թող մեզ անտեր››), Քերոփյանը (‹‹Ես եմ, եկել եմ››), Ռիկարդոն (‹‹Ֆիլումենա Մարտուրանո››), լուրջ նվաճումներ են շնորհալի դերասանի համար:
Հաճելի անակնկալ էր Հովակ Գալոյանի Նիկոն (‹‹Ատամնաբույժն արևելյան››) օպերետում: Հովակն իր արտիստական խառնվածքով ‹‹բռնել›› է այդ կերպարին, ներքուստ զգացել է նրա էությունը, թեթև է, ճկուն, երաժշտական, ինչով էլ դարձել է ներկայացման առանցքը, նրան առաջ մղող ուժը:
Շնորհալի դերասանի վերջին նվաճումներից է նաև Թոբին` Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր›› կատակերգությունում: |
 |
|