Երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության համար արժեքավոր են Մայիս Կարագյոզյանի հյութեղ կերպարները, որոնք ստեղծված են մտքի խորությամբ, կատատերգական ոճով, արդիականության շնչով:
Իր կատակերգական լավագույն դերերում Կարագյոզյանը մարմնավորում էր հեղինակի մտահղացումը: Նրա ինքնատիպ կերպարներում միշտ եղել է անսպասելիության տարրը, որն ընկալվել է իբրև նրա ամենաանհրաժեշտ մասը` օրինակ Գևորգիկը` ‹‹Իմ սիրելի Ժորժ››, կամ միլիցիոներինը` ‹‹Ես, իմ հարսնացուն և...›› երաժշտական կատակերգություններում:
Այսօր էլ հանդիսատեսները հիշում են Բենեդիկտի ‹‹Ոչնչից մեծ աղմուկ››, Տրանիոյի ‹‹Կամակոր կնոջ սանձահարումը››, Ֆրանսկետի ‹‹Մոնմարտրի մանուշակը››, Ֆերեկիսի ‹‹Պահանջվում է ստախոս››, Ջոնաթանի ‹‹Երեք գռոշանոց օպերա›› և բազմաթիվ հյութեղ ու վառ կերպարներ:
Մեծ է երաժշտական կոմեդիայի թատրոնում Մայիս Կարագյոզյանի մարմնավորած դերերի թիվը, սակայն տաղանդավոր դերասանի վերջին նվաճումն այս թատրոնում Եզոպոսի կերպարավորումն էր` Գ. Ֆիգեյրեդոյի համանուն կատակերգությունում, որով նա հաստատեց արտիստական իր բնավորությունն ու գեղարվեստական մտածողությունը: |