Երջանիկ դերասանուհի է Մարիամ Ղազարյանը ու նաև բախտավոր, որովհետև բեմ եկավ այն տարիներին, երբ երաժշտական կոմեդիայի թատրոնում դեռևս գործում էին օպերետային ժանրի ամենանշանավորները և կար նրանցից սովորելու, նրանցից շատ բան վերցնելու հնարավորություն:
Երաժշտական, կատակերգական շնորհներով օժտված դերասանուհի է նա, երգում է, պարում, ունի բեմական հատուկ խոսք և կերպար ստեղծելու վարպետություն:
Սկսելով երիտասարդ աղջիկների ու կանանց մարմնավորումներից` Ադելաիդա ( ‹‹Տաքսի, տաքսի››), Զառա (‹‹Իմ զոքանչը››), Անժելա (‹‹Արևը ձեզ հետ››), Զումրաթ (‹‹Փողոց, իմ փողոց››), Անյա (‹‹Ախ, ներվեր, ներվեր››), Կուլա (‹‹Պահանջվում է ստախոս››) ու օպերետային թեթևասահ Ստասի (‹‹Սիլվա››), խելացի դերասանուհին զարգացման հետաքրքիր ուղի անցավ, ճանապարհ հարթելով դեպի բնութագրական կերպավորումներ` Ալլա (‹‹Խելահեղ օր››), Շուշան (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), հասնելով մինչև երգչական ու դերասանական օժտվածություններ պահանջող հերոսուհու` Էլիզ Դուլիթլի կատարմանը (‹‹Իմ չքնաղ լեդի››):
Շարունակվում է Մարիամ Ղազարյանի բեմական բուռն գործունեությունը:
Միայն վերջին շրջանում նա խաղաց ուշագրավ մի շարք դերեր` Ագաֆիա Տիխոնովա ( ‹‹Ամուսնություն››), Միրանդոլինա ( ‹‹Հյուրանոցի տիրուհին››), Խանում (‹‹Խանումի արարքները››), Ջեննի (‹‹Պահանջվում է ստախոս››), Կոլոնիկե (‹‹Լիսիստրատե››), Մարթա (‹‹Ատամնաբույժն արևելյան››), Մարիա (‹‹Տասներկուերորդ գիշեր››) և այլն:
Իրաքում կայացած թատերական միջազգային փառատոնում Նիլ Սայմոնի ‹‹3+1=?›› կատակերգության հերոսուհիների (Էլեն Նովացիո, Բոբբի, Ժանեթ) հաջող դերակատարման համար Մարիամ Ղազարյանը ստացել է ‹‹Լավագույն դերակատար›› միակ մրցանակը: |
 |
|