Ավելի քան հիսուն տարի է ինչ ստեղծագործական հարուստ ու հետաքրքիր ճանապարհ անցած ու համբավ ձեռք բերած դերասանուհի է Մերի Շահբազյանը:
Առաջին դերը, որ մեծ հաջողություն բերեց` թատերական ինստիտուտից ուղղակի թատրոն եկած դերասանուհուն` Մայան էր ‹‹Ծղնեթցի Մայան›› օպերետում:
Առաջին ելույթը հուսադրող էր և իրավունք տվեց թատրոնի տնօրինությանը` Մերի Շահբազյանին ընդունել առաջնակարգ դերասանի կարգավիճակով:
Թատրոնում նա միակն էր, որ կանացի դերերից բացի հաջողությամբ խաղում էր նաև տղաների դերեր` Մաթե տղա (‹‹Ծղնեթցի Մայան››), Ալյոշա (‹‹Հրաշալի օր››), Վանիկ (‹‹Շշմեցուցիչ հարված››):
Մերի Շահբազյանի մարմնավորած կենտրոնական դերերից առանձնացնենք մի քանիսը միայն, ուր լայն դրսևորվում են դերասանուհու ճկունությունը, պարային ձիրքը` Ժոզեֆինա (‹‹Երազիկ››), Սաթենիկ (‹‹Երևանյան վարդերը››), Օլգա (‹‹Հրաշալի օր››), Սոնա և Կեկել (‹‹Հին Թիֆլիսում››), Լաուրա (‹‹Այլոց համար հիմար, իրեն համար խելոք››):
Մերի Շահբազյանը հետաքրքիր է հատկապես բնութագրական դերերում` Վհուկ (‹‹Կողպեքի գաղտնիքը››), Ռոզ (‹‹Չարշըլը Արթին աղա››), Շուշո (‹‹Փարիզեցի փեսան››), Շողիկ (‹‹Ուշ լինի-նուշ լինի››), Ստասի (‹‹Սիլվա››), Շուրա (‹‹Ռոմեոն իմ հարևան››):
Նա այսօր էլ ստեղծագործում է մեծ եռանդով, ստեղծում է նոր դերեր:
Մամուլը և հանդիսատեսը բարձր գնահատեցին նրա Խամփերիի և տատիկի դերակատարումները ‹‹Խաթաբալա›› և ‹‹Խանումի արարքները›› կատակերգություններում: |