Ինքնատիպ դերասան է Սերգեյ Ոսկանյանը` հանդարտ, կշռադատված, կիրթ, բեմական գեղեցիկ ձայնով, բազմաբնույթ դերերի մարմնավորող, սակայն օժտված փափուկ կոմիզմով, ինչը ոչ այնքան ցուցադրական է, որքան օրգանական իր մարմնավորած կերպարների ներքին բովանդակության հետ:
Ավարտելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ժող. արտիստ, պրոֆեսոր Հ. Աշուղյանի կուրս) և 1998թ. երաժշտական կոմեդիայի թատրոն գալով Երևանի ռուսական թատրոնից, երիտասարդ դերասանը եկավ ռուսական թատրոնին հատուկ բարձր կուլտուրայով և բնատուր կրթվածությամբ:
Սովորական չէ Սերգեյ Ոսկանյանը` կարդացած է, զարգացած, ընկերական,համակրելի և, որ գլխավորն է հանգիստ:
Այս բոլոր առավելությունները նրա հանդեպ ստեղծել են մեծ հարգանք, ինչը նպաստավոր նախադրյալ է բեմում` խաղընկերների հետ:
Բազմաբնույթ և ընդգրկուն է Ա. Ոսկանյանի դերացանկը,հետաքրքիր հենց իր` երիտասարդ դերասանի վարպետացման համար` Սև դիմակ ‹‹Լիսիստրատե››, Միքայել ‹‹Ազգային գործիչը››, Գենադի ‹‹Երջանկություն որոնելիս››, Սիգահար ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››, Կինտո ‹‹Խանումի արարքները››, Արամ ‹‹Էսպես մինչև ե±րբ››, Սիրահար ‹‹Չամուսնանաք պարոնայք, եթե կարող եք››, Գալոյան ‹‹Արդյոք ովքեր են›› և էլի մեծ և փոքր դերեր, որոնք Սերգեյ Ոսկանյանին դարձնում են աչքի ընկնող ստեղծագործողներից մեկը: |