Դեռևս 1940թ. Շարա Տալյանը դիմել էր Հայաստանի Արվեստի գործերի վարչությանը` Երևանում օպերետային թատրոն ստեղծելու առաջարկով: Նրա կազմակերպչական ընդունակություններն ու հեղինակությունը նպաստել են իր ղեկավարությամբ, Հայֆիլհարմոնիային կից օպերետային խումբ ստեղծելուն, որը 1941թ դեկտեմբերի 23-ին, Վ. Վալենտինովի ՙՀրո քրմուհի՚ օպերետի ներկայացումով բացում է իր խաղաշրջանը:
1942թ բացվում է Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները դրվում են Շարա Տալյանի վրա:
Նրա ջանքերով թատրոնը համալրվում է օպերետային ժանրի փայլուն գործիչներով:
Հայտարարված մրցույթով ստեղծվում է նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ: Դոնի-Ռոստովից, Բաքվից, Թբիլիսիից, Մոսկվայից հրավիրվում են դերասան-դերասանուհիներ:
Թատրոնի սկզբնական խաղացանկը, Արամ Տեր-Հովհաննիսյանի հետ համատեղ, կազմում է Շարա Տալյանը դասական հեղինակների` Ֆրիմըլիի, Նելսոնի, Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Դունաևսկու, Լեպինի և անհրաժեշտաբար հայ կոմպոզիտորների` Չուխաջյանի և Այվազյանի օպերետներով:
1943թ հունվարի 5-ին, համաձայն իր դիմումի, թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններից ազատվեց Շարա Տալյանը, իր ջանքերով և իր գեղարվեստական ղեկավարությամբ` Հայֆիլհարմոնիային կից ստեղծած օպերետային խումբը` օպերետային պետական թատրոնի վերածելու գործում մատուցած բացառիկ ծառայության համր, Շարա Տալյանն արժանացավ Մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի գործերի վարչության հատուկ շնորհակալության:
Հայ մշակույթի պատմության մեջ Շարա Տալյանը մնաց որպես Հայաստանում առաջին հայկական օպերետային թատրոնի հիմնադիրը: |