Երաժշական կոմեդիայի թատրոնի պատմության մեջ դասական անուն է Վարդան Աճեմյանը: Նրա անվան հետ են կապված թատրոնի` 1947-1953թթ ձեռքբերումները, երբ նա եղավ այդ տարիների գեղարվեստական ղեկավարն ու դերասանապետը, ապա նաև հետագա ձեռքբերումների հեղինակը, որոնք արդյունք էին ‹‹աճեմյանական դասերի››:
‹‹Մորգանի խնամին››, ‹‹Շողոքորթըն››, ‹‹Աղբյուրի մոտ››, ‹‹Ազատաշունչ հողմը››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Կարինե››, ‹‹Ծաղիկների աշխարհում››` սրանք մեծ թատրոնին վայել ներկայացուներ են, որոնցում Աճեմյանը կարողացավ ի հայտ բերել և առավելագույնս բացահայտել Թադևոս Սարյանի, Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Արտաշես Արևշատյանի, Ալլա Անդրիասյանի, Մելինե Համամջյանի դերասնական անհատականությունների թաքնված հնարավորությունները:
Աճեմյանական բեմադրությունները հաստատեցին, թե որքան մեծ է ռեժիսորի դերը երաժշտական թատրոնում: Նրա այն միտքը` թե այս թատրոնում բոլորը` երգիչներ թե պարողներ, մինչև իսկ երգչախմբի արտիստները պետք է երևան իբրև դերասաններ` ձուլվեն ներկայացմանը, հրաժեշտ տալով չեզոք վիճակին:
Գլխավորը` երաժշտական կոմեդիայի թատրոնում Աճեմյանի հեղինակած բեմադրությունների շնորհիվ հաստատվեց երաժշտականի և բեմականի համաձուլման սկզբունք, որը մի նոր որակ էր երաժշտական թատրոնում:
Պատահական չէ, որ աճեմյանական շրջանը թատրոնի պատմության մեջ մտավ որպես ‹‹Ոսկե դար››: |