|
Ինչպես իր գոյության բոլոր տարիներին` այսօր էլ Երաժշտական Կոմեդիայի թատրոնը տոմսարկղային խնդիր չունեցող թատրոններից է հանրապետությունում, իսկ դա նշանակում է, որ թատրոնն ապրում է ստեղծագործական վերելք և հավատարիմ է իր ժանրին, իր հանդիսատեսին:
Թատրոնն իր հիմնադրման առաջին օրից ունեցել է կազմակերպված հանդիսատես, որը երդվյալ ուխտավորի պես չի լքել իր դերասաններին, թեկուզ և այն պահերին, երբ եղել են նաև ստեղծագործական վայրէջքներ, ինչը հատուկ է յուրաքանչյուր թատրոնի:
Երբ հանրագումարի են բերվում թատրոնի աշխատանքներն անցած և մեր օրերի խաղաշրջաններում, համոզվում ես, որ դասական, արդիական ու նաև ինքնուրույն երկերի բեմադրություններով թատրոնը հասել է զգալի հաջողությունների:
Գնալով թատրոնի խաղացանկում ավելի ու ավելի հիմնավոր տեղ է գրավում երաժշտական դրամատուրգիան, թատրոնը սկզբունքորեն հետևում է իր կոչմանը, ինչը և առավելապես համապատասխանում է ժանրին, թատրոնի հնարավորություններին և արժանի համբավ ունի իր հանդիսականների շրջանում:
Ստեղծված ստեղծագործական առողջ ու ակտիվ վիճակը ամենից առաջ գալիս է ստեղծագործական մթնոլորտից, վարչական վիճակի ճիշտ ղեկավարումից` տնօրինության և գեղարվեստական խորհրդի սերտ համագործակցությունից:
Այս ամենին հասնելու համար անհրաժեշտ էր, որ թատրոնի ղեկին կանգներ կարող մի մարդ, ռեժիսորական լուրջ կենսագրություն ունեցող մեկը` պահպանելու ու շարունակելու համար արդեն հաստատված ավանդույթները: |
|
| ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ |
 |
ՀՀ ժողովրդական արտիստ,
ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի
ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ |
|
Տարիներ շարունակ (մոտ քսան տարի) Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը անիվների վրա էր, չուներ իր արվեստն արարելու տարրական պայմաններ:
Ահա այս ժամանակ, այսպիսի պայմաններում Երվանդ Ղազանչյանը ստանձնեց թատրոնի ղեկավարի դժվարին պարտականությունները:
Նա բեմադրեց Մոլիերի ‹‹Քաղքենին ազնվական›› կատակերգությունը: Ռեժիսորը չգնաց դիմադրության թույլ ճանապարհով, այլ փորձեց գտնել կատակերգությունն ընթերցելու նոր տարբերակ: Օգտվելով երաժշտական կոմեդիայի թատրոնի ընձեռած հնարավորություններից` Ղազանչյանը բեմադրեց այն որպես կատակերգություն-բալետ` ինտերմեդիաներով: Նման մոտեցումը բնավ չհակասեց մեծ կատակերգակի գեղագիտական ընբռնումներին, սակայն ռեժիսորին հնարավորություն տվեց ներկայացումը հարստացնել գունագեղ տարրերով, հրաշալի երգերով, դիմակահանդեսային վառ տեսարաններով:
Ղազանչյանի հերթական գործը ռուսական դրամատուրգիայից էր:
Գոգոլի ‹‹Ամուսնություն›› կատակերգությունում հարուստ հարսնացուի համար որսի ելած փեսացուների բախման միջոցով ռուս մեծ գրողը ցույց է տալիս հասարակության հիմքերը ցնցող դրամի ավերիչ դերը:
Այստեղ նույնիսկ ամուսնությունն առուծախի առարկա է:
Ղազանչյանը մերժեց կենցաղային լուծումները, ստեղծեց դերասանական վարպետ անձնավորումներ, կատակերգականի սուր զգացողությամբ, հետաքրքիր և հավաստի բեմավիճակներով ներկայացում:
‹‹Ամուսնությունը›› դառնագին ծիծաղ հարուցող բեմադրություն էր, որ իր ուղվածությամբ հարազատ էր գոգոլյան պատգամներին:
Ներկայացումն իրականացված էր կերպարների հոգեբանական վերլուծության միջոցով, որոնք գտնվում էին ոճական միասնության մեջ:
Ղազանչյանի ռեժիսուրայի արժանիքն այն էր, որ բեմադրիչը կարողացել էր ճշգրիտ մշակել յուրաքանչյուր գործող անձի վարքագիծը, հյութեղ ու հավասի մանրամասներով բնութագրել յուրաքանչյուր կերպար:
Գործող անձանց բնավորությունների աննկատ ծալքերը բացելու համար Ղազանչյանը նրանց բերում էր նախաբեմ, էլ ավելի էր մոտեցնում հանդիսականին, եթե կարելի է այսպես արտահայտվել` հերոսների ներաշխարհը մատուցում էր խոշոր պլանով:
Ղազանչյանին և դերասաններին հաջողվել էր ստեղծել չինովնիկների կենդանի և տպավորիչ պատկերասրահ:
‹‹Ամուսնություն›› բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ, արժանացավ մամուլի և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Երվանդ Ղազանչյանի հաջորդ աշխատանքը եղավ Ժիրայր Անանյանի ‹‹Ես եմ, եկել եմ›› կատակերգությունը:
Ժ. Անանյանն այս գործը գրել է դասական կատակերգության բոլոր կանոններով` թյուրիմացությունների վրա հիմնված զավեշտական իրավիճակներ, դրության կոմիզմ, դիպուկ և սրամիտ երկխոսություններ, կեդանի բնավորություններ:
Ե. Ղազանչյանն արել է ամեն ինչ ներկայացման հասարակական-քաղաքական լիցքը ցցուն դարձնելու համար: Պայքար կաշառակերության դեմ` մի տգեղ երևույթի, որ մեր հանրապետությունում դարձել է համընդհանուր չարիք:
Բեմի խորքում փոքր ու մեծ դռներ են, որոնք խորհրդանշում են փոքր ու մեծ պաշտոնյաներ (նկարիչ Գրիգոր Սահակյան): Նրանք փոքրից մինչև մեծ զբաղված են կաշառակերությամբ: Այստեղ առանց կաշառքի անհնարին է որևէ բանի հասնել:
Բեմի վրա կախված է երեք կարգախոս` ‹‹Ապագան պատկանում է մեզ›› - սրանով հրապարակ իջան մեր նորօրյա հերոսները, որոշ ժամանակ անց նրանք խմբագրեցին կարգախոսը` ‹‹Ներկան պատկանում է մեզ››, իսկ երրորդ կարգախոսը մնացել է միայն ‹‹...մեզ›› բառը:
Ներկայացման ավարտին վերոհիշյալ կարգախոսները գահավիժեցին ցած` տակն առնելով կարգախոսի հեղինակներին: Դժվար չէ նկատել, որ բեմադրիչը, միշտ հավատարիմ իր գեղագիտական դավանանքին, կենսահաստատ ծիծաղի միջոցով անարգանքի սյունին է գամում հասարակության համար մերժելի բացասական երևույթները:
‹‹Ես եմ, եկել եմ›› ներկայացումը ռեժիսորի և թատրոնի փայլուն հաղթանակն է, ուր պատմվում է մերօրյա իրադարձությունների, մեր թշվառ ներկայի մասին: Ի դեպ, այսօրվա կյանքը պատկերող նման ներկայացում ոչ մի թատրոնում չկա:
Արիստոֆանեսի ‹‹Լիսիստրատեն›› գրված է մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնին և բեմադրիչ Ե. Ղազանչյանին գրավել են անտիկ հույն հանճարեղ կատակերգակի հերոսական կոմեդիայի գեղարվեստական-քաղաքական բարձր արժանիքները:
Խաղաղություն հաստատելու գործի գլուխ կանգնել են Հունաստանի գլխավոր քաղաքների կանայք` նրանք պատերազմող զինվորների կանայք են: Կանանց դատավարությունը ղեկավարում է Լիսիստրատեն (Գալյա Նովենց): Նրանք որոշել են հրաժարվել ամուսինների փաղաքշանքներից և գուրգուրանքներից և այս միջոցով հարկադրել ամուսիններին, որ դադարեցնեն պատերազմը: Կանանց դատավարությունը հասնում է ցանկալի արդյունքի:
Բեմադրիչը ներկայացման բովանդակությունը բացահայտեց պատկերավոր մտածողությամբ: Նա ներկայացմանը հաղորդեց կերպարայնություն, ինչին հասնում է հերոսական կոմեդիայի բնավորությունների խոր և համակողմանի մեկնաբանության, նրանց խմբավորման միջոցով:
Ներկայացման ամենաուժեղ դրվագներից է կանանց և տղամարդկանց առաջին բախման տեսարանը, ուր տղամարդիկ պարտվում են և համոզվում, որ կանանց ծնկի բերելն անկարելի է: Պատկերավոր մտածողության հաջորդ դրվագը, երբ գործողության ոլորտ է մտնում խորհրդարանի պատգամավոր Պրովուլոս-Պեպանյանը: Ներկայացման այս բարձրակետը ռեժիսորը բեմադրել է գրոտեսկային ցայտուն բեմավիճակներով: Զարգացնելով դեմագոգ քաղաքական գործչի մասին Արիստոֆանեսի ընձեռած հնարավորությունները,Ղազանչյանը շեշտի տակ է առնում այն և չի թաքցնում իր վերաբերմունքը մերօրյա խորհրդարանի նկատմամբ, մի բան, որ աննկատ չի մնում հանդիսականների աչքից:
Առավել ցայտուն է բեմադրված չբավարաված կրքից խախտված և ամենքի ծաղրի առարկա դարձած Կինեսիուս-Գալոյանի ողբալի վիճակը պատկերող դրվագը:
Երվանդ Ղազանչյանը վերոհիշյալ դրվագները ենթարկել է ռեժիսորական համահնչյում մտահղացման, ձուլել է միասնական ռիթմով:
Խաղաղության հասնելու կանանց սպառնալի ուժը ներկայացման մեջ հնչում է ամբողջ ձայնով, ուր նկատելի է բեմադրիչի համարձակ և ուժեղ խոսքը:
Ղազանչյանը հյուսել է հոգեբանորեն հավաստի, թատերայնորեն վառ ու մասշտաբային, տոնական ու դինամիկ մի ներկայացում, որն առանձնանում է իր ոճական միասնությամբ և գեղարվեստական կատարելությամբ:
Ղազանչյանը ‹‹Լիսիստրատեն›› մեկնաբանել է նաև երաժշտության օգնությամբ: Դրան մեծապես նպաստել է ՍտեփաՆ Լուսիկյանի` հենց այդ ներկայացման համար գրված երաժշտությունը: Բեմադրիչը դրանով հարստացնում է ներկայացման բովանդակությունը, հուզական լիցք հաղորդում գործողությանը:
‹‹Լիսիստրատեն››` Հ. պարոնյանի անվան թատրոնի, և իհարկե, նաև բեմադրիչի հաղթանակն է: Այն հաջողություն գտավ հանդիսականների լայն շրջաններում:
1998թ սեպտեմբերին Վրաստանի Հանրապետության Ռուսթավի քաղաքում տեղի ունեցավ թատերական միջազգային փառատոն ‹‹Ոսկե դիմակ›› խորագրով, որին մասնակցում էին աշխարհի 12 երկրների 14 թատրոններ, այդ թվում Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների թատերախմբեր:
Հայաստանի հանրապետությունից ‹‹Ոսկե դիմակ›› թատերական միջազգային փառատոնին մասնակցեց Հ. Պարոնյանի երաժշտական կոմեդիայի թատրոնն իր ‹‹Լիսիստրատե›› ներկայացումով:
Միջազգային փառատոնի հանձնախմբի որոշմամբ ‹‹Ոսկե դիմակ›› փառատոնի շահեկան մրցանակներից մեկը` ‹‹Դասական երկի լավագույն մեկնաբանման համար›› շնորհվեց ‹‹Լիսիստրատե›› ներկայացմանը: Պարոնյանցիները ցնծության մեջ են` միջազգային թատերական փառատոնում նման բարձր մրցանակ շահելու համար:
Երվանդ Ղազանչյանը երկար տարիներ գլխավորել է Հանրապետության թատերական գործիչների միությունը, որտեղ դրսևորում էր իր կազմակերպչական բացառիկ տաղանդը: Նրա ղեկավարած տարիներին միությունն ապրել է ստեղծագործական աշխույժ կյանքով:
Բավական է հիշել ‹‹Սյունիք 96››, ‹‹Շիրակ-Լոռի-97›› և ‹‹Անտիկ աշխարհը և մենք›› թատերական փառատոնները, որոնց մշտապես մասնակցել է նաև Պարոնյանի անվան թատրոնը և մշտապես շահել մրցանակներ:
1996թ Ղազանչյանն ընտրվեց թատերական միությունների միջազգային համադաշնության գործադիր կոմիտեի անդամ, այսօր էլ նա Երևանի թատերարվեստի և կինայի պետական ինստիտուտի պորոֆեսոր է և նրա ուսանողներից շատերն աշխատում են Պարոնյանի անվան թատրոնում, խաղում են պատասխանատու դերեր: |
Էջի սկիզբ |
|
| ՏՆՕՐԵՆ |
 |
Հակոբ Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի
պետական թատրոնի տնօրեն
ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆ |
|
Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 24-րդ տնօրենն է Կարո Շահբազյանը, որն այս պատասխանատու գործը ստանձնել է 2002 թվականի հունիսի 27-ին:
Շահբազյանը թատրոն եկավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից, եկավ տնօրենի դժվարին ու պատասխանատու գործի իրականացման ոչ միայն գիտակցությամբ ու պատրաստակամությամբ, այլ գործի անցավ մասնագիտական մեծ փորձով, թատրոնական օրենքների քաջատեղյակությամբ, ստեղծագործական աշխատանքների և ֆինանսա-տնտեսական գործի իմացությամբ:
Շահբազյանը տնօրենի պաշտոնը ստանձնեց թատրոնի համար ոչ նպաստավոր պայմաններում: Մայրաքաղաքի հինգ թատրոններ միաժամանակ վերանորոգվում էին և մշակույթի նախարարության պահանջով, մեր բեմում ներկայացումներով հանդես եկան այդ թատրոնները:
1992 թվականից գործող շենքը ֆիզիկապես տուժել էր նրանց անպատասխանատու վերաբերմունքից: Շարքից դուրս էին եկել հարդասենյակները, լուսային և ձայնային սարքավորումները, խափանվել էին բեմի պտտվող շրջանակները, չէր աշխատում վարագույրը:
Նորանշանակ տնօրենը գործի դրեց թատրոնական իր սերն ու գիտելիքները, ինչի հետևանքով կարգավորվեցին ու վերականգվեցին ներկայացումների առաջընթացը խանգարող արգելքները:
Այս ամենը տնօրեն-գեղարվեստական ղեկավար սերտ համագործակցության աշխատանքի արդյունք էր: Ակնառու են թատրոնի վերջին շրջանի ձեռքբերումները: Տնօրինության ջանքերով համալրվել է թատրոնի նվագախումբը, բալետային խումբը, բեմ են եկել թատրոնի և կինոյի համալսարանի շնորհալի շրջանավարտներ, տասնյակ տարիների ընդմիջումից հետո արդեն ջեռուցվում է թատրոնը և վերականգնվել է խաղաշրջանի բոլոր ամիսներին ներկայացումներ խաղալու բարի ավանդույթը:
Թատրոնը դարձել է հասարակայնության սիրելի օջախներից մեկը և գրեթե չունի հանդիսատեսի պահանջ: |
Էջի սկիզբ |
|
| ՓՈԽՏՆՕՐԵՆ |
 |
Հակոբ Պարոնյանի անվան
երաժշտական կոմեդիայի
պետական թատրոնի փոխտնօրեն
ԼԱՐԻՍԱ ԴԱՎԹՅԱՆ |
|
‹‹Մեր տիկին Լարիսան››` մշտաժպիտ, մշտածիծաղ, հարաշարժ և իր գործը պաշտամունքի հասցրած թատրոնի փոխտնօրեն Լարիսա Դավթյանին այդպես են կոչում թատրոնի մարդիկ, որոնց հանդեպ նա ուշադիր է, հոգատար և սրտցավ:
Մարդկային այս բարեմասնությունը միակը չէ, որ բնորոշում է նրան` կա և երիտասարդական ավյունով լցված նրա աշխատանքը, ինչի շնորհիվ մեր թատրոնը գրեթե միշտ լեցուն է հանդիսատեսներով:
Մշակույթի համար ոչ նպաստավոր մեր օրերում ‹‹թատրոն-հանդիսատես›› հարաբերության դեսպանի ծանր պարտականությունն իր ուսերին առած գործիչ է Լարիսա Դավթյանը, որին հավատում է հանդիսատեսը, թատրոն է գալիս` դառնալով արվեստի մշտական բարեկամ:
Նա գիտե, ուսումնասիրել է հանդիսատեսի նախասիրությունները և գիտե որ խավին` ինչ ներկայացում առաջարկել :
Սա, անշուշտ, Լարիսա Դավթյանի միակ առավելությունը չէ, ինչով նա հայտնի է թատերական աշխարհին:
Թատրոն եկող հանդիսատեսը նրան հիշում է նաև եթերից` գրական, երաժշտական երեկոներից, որոնք ընդամենը վերջերս վարում էր նա: Տիկին Լարիսան ավելի հանրահայտ դարձավ` ‹‹Ծաղիկների աշխարհում›› գեղանկարչական աշխատանքների իր անհատական ցուցահանդեսով, ինչը մեծ անակնկալ էր նույնիսկ մտերիմների համար:
Ոտքից-գլուխ թատրոնական մարդ է Լարիսա Դավթյանը, որն իր բարեխիղճ աշխատանքով նպաստում է թատրոնի ստեղծագործական և ֆինանսական առաջընքացին: |
Էջի սկիզբ |
|
| ԳԼԽԱՎՈՐ ԴԻՐԻԺՈՐ |
 |
Ժողովրդական արտիստ,
պրոֆեսոր
ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆ |
|
Հայկական դիրիժորական դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է Յուրի Դավթյանը, որի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Նա հռչակված է ոչ միայն որպես բարձրակարգ դիրիժոր, այլև լայն ճանաչում է ձեռք բերել որպես հմուտ մանկավարժ, որպես երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայի պրոֆեսոր, որի աշակերտներն աշխատում են Երևանի և աշխարհի տարբեր երկրների օպերային և երաժշտական թատրոններում:
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում երկար տարիներ նա եղել է որպես գլխավոր դիրիժոր, ղեկավարել է նաև ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ այժ Հ. պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է:
Յուրի Դավթյանի առաջարկով համալրված նվագախումը մաեստրոյի ղեկավարությամբ ոչ միայն մասնակցում է ընթացիկ ներկայացումներին, այլև պատրաստել է համերգային ընդարձակ ծրագիր` խորագրով, որի ծրագրում տեղ են գտել դասական օպերետների նախերգանքներ, մեներգեր, զուգերգեր և պարային համարներ:
Յուրի Դավթյանը ղեկավարել է (Օպերային թատրոնում) Ա. Բաբաև Ա. Տիգրանյան Ա. Սպենդիարյան , Տ. Չուխաջյան , Վերդի , Գ. Եղիազարյան (բալետ), Ս. Բալասանյան (բալետ): |
Էջի սկիզբ |
|
| ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ |
 |
Ժողովրդական նկարիչ
ՍԱՐԳԻՍ ԱՐՈՒՏՉՅԱՆ |
|
Սարգիս Արուտչյանի բեմանկարչությունը ուշագրավ երևույթ է հայ թատրոնի պատմության մեջ և արժանի ամենաբարձր գնահատականի:
Որպես գլխավոր նկարիչ նա աշխատել է Երևանի նշանավոր թատրոններում, իսկ ստեղծագործական վերջին տարիները կապված էին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ:
Մոտ քսան ներկայացում է ձևավորել այստեղ տաղանդավոր նկարիչը, որոնք թատերարվեստի բարձր կուլտուրայով, բեմանկարչության հրաշալի հորինվածքներով հարստացրել են այս թատրոնի պատմությունը: |
|
|
|
| ԳԼԽԱՎՈՐ ՆԿԱՐԻՉ |
 |
ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ
ԳՐԻԳՈՐ ՍԱՀԱԿՅԱՆ |
|
Երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմանկարչական պատկառելի վաստակ ունի բեմը լավ ճանաչող, թատրոնը գիտցող, ներկայացման գեղանկարչական բոլոր մանրամասներին տիրապետող նկարիչ Գրիգոր Սահակյանը, որն այս թատրոնում աշխատում է 1978 թվականից: Նա տաս տարի եղել է թատրոնի գլխավոր նկարիչը և մինչև օրս էլ կապված է նրա աշխատանքներին:
Արգասավոր է եղել Սահակյանի գործունեությունն այս թատրոնում հատկապես տարբեր ռեժիսորների հետ ունեցած համագործակցությունից, որից շահել են նրա ձևավորումները:
‹‹Տաքսի, տաքսի››, ‹‹Արևը Ձեզ հետ››, ‹‹Բախտավոր մարդիկ››, ‹‹Ութ սիրագորով կանայք››, ‹‹Քնքույշ սրտից պատուհաս››, ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››, ‹‹Ես եմ, եկել եմ››, ‹‹Խաթաբալա››, ‹‹Ֆիլումենա Մարտարանո››, ‹‹Պահանջվում է ստախոս››, տարբեր ժամանակաշրջանների և հեղինակների պիեսներ, որոնց համար Գ. Սահակյանը ի հայտ բերեց մտահղացումների հարստություն, հաստատվելով որպես հասուն բեմանկարիչ:
Թատերային վառ աշխատանք է ‹‹Ատամնաբույժն արևելյան›› օպերետի բեմադրության հարթ ու թեթև ձևավորումը: Բեմի կենտրոնում կառուցված դիմակապատ բեմահարթակ, ինչը լայնացնում է բեմի հայելին, գունագեղ զգեստների և լույսերի օգնությամբ մեծ արագությամբ փոխվող գործողությունների միջավայր` (բակ, բնակարան, պարահանդես), տարածություն ստեղծելու հետաքրքիր լուծումներ: Բեմանկարչության վառ օրինակ է ‹‹Արդյոք ովքեր են›› ներկայացման ձևավորումը, որը Գրիգոր Սահակյանի արվեստի նվաճումներից մեկը կարելի է համարել:
Տաղանդավոր բեմանկարիչը տասնյակ ներկայացումներ է ձևավորել Ռիգայի և Երևանի օպերային թատրոններում, Սունդուկյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի, Բեյրութի Վ. Փափազյանի անվան, Դոնի-Ռոստով և այլ թատրոններում:
30 և ավելի տարիներ եղել է Երևանի Գեղարվեստական-Թատերական ինստիտուտի ուսանողական թատրոնի բեմանկարիչը: |
|
 |
Նկարնեի մեծացման
հնարավորությամբ`
 |
 |
 |
 |
 |
| Ատամնաբույժն արևելյան |
|
Մեր տան տերերը |
| |
|
|
 |
 |
|
 |
 |
| Ինձնից պրծում չկա |
|
Չեմ վճարի |
| |
|
|
|
|
Էջի սկիզբ |
|
| ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԱՐԻՉ |
 |
ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստաբան, դերասան,
թանգարանագետ
ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆ |
|
Թատերական արվեստի հանրապետական փառատոնի դափնեկիր, ‹‹Արտիստ›› փառատոնի դափնեկիր,
‹‹Գոհար Գասպարյան›› ոսկե մեդալակիր
Ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Դպրոցական տարիներից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել է Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին:
1951-1954-ին ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ:
1954-1962թթ որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, խաղացել է տասնյակ դերեր:
Թատրոնին զուգահեռ 1959-1979թթ աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: Բեմադրել է 50-ից ավելի ներկայացումներ: Բոլոր ներկայացումներում խաղացել է գլխավոր դերեր: Աչքի ընկնող դերերից են` Շմագան ‹‹Անմեղ մեղավորներ››, Զիմզիմովը ‹‹Պեպո››, Զամբախովը ‹‹Խաթաբալա››, Նազար ‹‹Քաջ Նազար››, Արշակ ‹‹Ուշ լինի, նուշ լինի››, Թագավորը ‹‹Չախ-չախ թագավոր››, Լյուպենը ‹‹Ժորժ Դանդեն››, Սկապենը ‹‹Սկուպենի արարքները›› և այլն:
Նրա բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը:
1960թ Աբովյանի շրջ. մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի ‹‹Պեպո›› օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը:
1979-ին հրավիրվել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան որպես գիտամասայական բաժնի վարիչ և աշխատել է մինչև 1993 թվականը: Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ (նաև շրջիկ), գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, 50-ից ավելի զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում:
Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է իր անձնական հավաքածուն, որի նյութերն անցնում են տասնյակ հազարներից: Բացի Սայաթ Նովայից ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, հազարավոր լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր:
Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը:
1993-1998թթ նշանակվեկ է
‹‹Զորավար Անդրանիկ›› մշակույթի կենտրոնի տնօրեն, Իլյիչ Բեգլարյանի հետ 2006թ հիմնադրել է ‹‹Զորավար Անդրանիկ›› փանգարանը, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը: Երկար տարիներ աշխատել է որպես Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի տնօրեն:
Տասը տարի շարունակ եղել է Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի թանգարանի տնօրենը և ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել է ցուցահանդեսներ:
Այժմ աշխատում է երաժշտական կոմեդիայի և Գ. Սունդուկյանի անվան թատրոններում, որպես թանգարանի վարիչ և միաժամանակ զբաղվում է հրատարակչական գործունեությամբ:
Հիմնադրել է ‹‹Հայ մշակույթի մեծերը›› մատենաշարը և հեղինակ է ‹‹Սվետլանա Գրիգորյան››, ‹‹Կարպ Խաչվանքյան››, ‹‹Ժենյա Ավետիսյան››, ‹‹Յուրի Ամիրյան››, ‹‹Օֆելյա Համբարձումյան››, ‹‹Գոհար Գասպարյան››, ‹‹Երվանդ Ղազանչյան››, ‹‹Գալյա Նովենց››, ‹‹Բաբկեն Ներսիսյան›› մեծածավալ, նկարազարդ ալբոմ-ժողովածուների, տպագրության է պատրաստել ‹‹Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն››, ‹‹Գոհար Գասպարյան›› (2-րդ հատոր) ուսումնասիրությունները:
Գրում է թատերագիտական, գրականագիտական և այլ հոդվածներ, կազմակերպում է ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ: |
| |
| |
| |
| |
| |
|
|
|