Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
 
www.tezhler-resort.am
 
 
 
ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Բարձրակարգ և վաստակաշատ երաժիշտներով է համալրված թատրոնի նվագախումբը, որոնցից շատերը ոչ միայն ավարտել են Երևանի կոնսերվատորիան, այլև իրենք են դասավանդում երաժշտական հաստատություններում:

Մեր բախտը բերել է, բոլոր ժամանակներում թատրոնի նոտակալի մոտ եղել են մեծանուն դիրիժորներ` Արամ Տեր-Հովհաննիսյան, Գուրգեն Կարապետյան, Սուրեն Չարեքչյան, Գրիգոր Վարժապետյան, Իսպիր Խարաջանյան, Դավիթ Երզնկյան, Լևոն Աբրահամյան, Վիլեն Չարչողլյան, իսկ այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյան:
Մաեստրոն իր վառ արվեստով նպաստեց նվագախմբի կատարողականության բարձրացմանը` իր վրա վերցնելով երաժշտական ներկայացումների երաժշտական ղեկավարի պարտականությունը:

Յուրի Դավթյանն աճեցնում է նաև երիտասարդ դիրիժորներներ, որոնցից մեկը` Հարություն Արզումանյանը ղեկավարում է ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Խանումի արարքները››, ‹‹Իմ զոքանչը››, ‹‹Սիրո անհուն առեղծվածը››, ‹‹Չարենցի ուղղիչ տունը››, ‹‹Ուշ լինի, նուշ լինի›› օպերետները և երաժշտական ներկայացումները:
Էջի սկիզբ
ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Երաժշտական կոմեդիայի թատրոնն իր գործունեության 68 տարիների ընթացքում միշտ ունեցել է բարձրակարգ երգչախումբ, որն իր ակտիվությամբ համահունչ է եղել թատրոնի ռեժիսուրային, դերասանական խմբին և օրգանական մեծ կապի մեջ է եղել բեմավիճակների հետ:
Այդ ամենը ապացույց է մեծահամբավ խմբավարների, ովքեր աշխատել են այս թատրոնում` Լիդիա Պրոկոֆևա, Նադեժդա Արազովա, Վաղինակ Չաքմիշյան, Գրիգոր Սանդալջյան, Էդվարդ Եսայան և այսօր էլ` Շուշանիկ Հովհաննիսյան:

Շնորհիվ մասնագիտական հիմնավոր կրթության, Շուշանիկը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ երգչախումբը համալրել կոնսերվատորիական վոկալ կրթությամբ երգիչներով, ովքեր անմիջապես ներգրավվեցին թատրոնի երաժշտական բոլոր ներկայացումների մեջ, երգչախմբային համարները հնչեցին հեղինակի ոճին, մտածելակերպին հարազատ` լրացնելով ներկայացման ռեժիսուրան, յուրաքանչյուրը բեմում դառնալով արտիստ` գործող անձ, կերպարային, համարձակ:

Բացի ընթացիկ ներկայացումներին մասնակցելուց, քառաձայն երգչախումբն ունի բազմաժանր ծրագիր` ժանրային կատարումների համար:
Շնորհալի խմբավարը յուրաքանչյուր ստեղծագործության վրա աշխատում է մեծ պատասխանատվությամբ, գտնելով երաժշտական խոսքի և ձևի ամենաճշմարտացի, ամենաբնորոշ և ամենահասկանալի տարբերակը: Յուրաքանչյուր հնչյունի վրա նա աշխատում է մանրակրկիտ խստապահանջությամբ, անաչառ, անզիջում: Դրա շնորհիվ է, որ այսօր երգչախումբն իր ծրագրում ընդգրկել է Տ. Չուխաջյանի, Ա. Այվազյանի, Ջոջուայի, Պուչինիի, Կոմիտասի ստեղծագործությունները, հոգևոր երգեր և մեծ ճկունությամբ կատարում է իմպրովիզային ջազի ոճով գրված նեգրական ֆոլկլորային երգեր և սպիրիչուելսներ:
Էջի սկիզբ
ԲԱԼԵՏ
Անատոլի Լեբեդև
Երաժշտական կոմեդիայի թատրոնի պատմության էջերում, նրա դերասանական փայլուն կազմի, նվագախմբի, երգչախմբի հետ մեկտեղ նշանակալի ներդրում ունի նաև բալետային խումբը` իր պարուսույցներով և հատկապես մենապարողներով:
Բազմաթիվ ներկայացումների համար պարեր են բեմադրել նշանավոր պարուսույցներ Իլյա Արբատովը, Սրբուհի Լիսիցյանը, Զարեհ Մուրադյանը, Բաբկեն Օրդոյանը, Էդվարդ Մանուկյանը, Բորիս Օբուխովը, Վանուշ Խանամիրյանը և իհարկե թատրոնի երկար տարիների գլխավոր պարուսույց` վաստ. արտիստ Անատոլի Լեբեդևը:

Վերջին շրջանում հրավիրվել են Նորայր Մեհրաբյանը, Բելա Հովնանյանը և հիմնականում Գագիկ Կարապետյանը:
Այսօր էլ բալետային խումբը ակտիվ մասնակցություն ունի մեր ներկայացումներում: Խումբը համալրված է մասնագետներով` պարարվեստի ուսումնարանն ավարտած պարուհիներով, թատրոնի և կինոյի համալսարանի ուսանողներով:

Ողջ խումբը մասնակցում է ‹‹Խանումի արարքները››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, ‹‹Չարենցի ուղղիչ տունը››, ‹‹Ազգային խայտառակություն››, ‹‹Կորսված նամակ››, ‹‹Չամուսնանաք, պարոնայք, եթե կարող եք››, ‹‹Տասներկուերրորդ գիշեր››, ‹‹Շրջաղգեստով գեներալները››, ‹‹Ուշ լինի, մուշ լինի›› ներկայացումներին և ‹‹Սիրո անհուն առեղծվածը›› բալետային դիվերտիսմենտների սկզբունքով բեմադրությանը:
Ատամնաբույժն արևելյան Տասներկուերորդ գիշեր Տասներկուերորդ գիշեր
‹‹Ատամնաբույժն արևելյան›› ‹‹Տասներկուերորդ գիշեր ›› ‹‹Տասներկուերորդ գիշեր ››
Էջի սկիզբ
ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐ
Բարձրակարգ, պահանջկոտ ու միաժամանակ հոգատար ու բարձրավեստ երաժիշտ-կատարող է Ռիտա Գրիգորյանը, շնորհալի դաշնակահար` մեկը լավագույն նվագակցողներից և թատրոնի հնագույն աշխատակիցներից:

Բոլորի մտերիմ և սիրելի Ռիտան ոգևորությամբ ու սիրով է աշխատում թատրոնի մեներգիչների հետ, մանրակրկիտ մշակում է նույնիսկ ամենափոքր երաժշտական ֆրազը, վարպետությամբ սովորեցնում և հղկում է երգիչների երաժշտական կերպարները:

Դասական և մեր ազգային գրեթե բոլոր օպերետները քաջածանոթ են Ռիտա Գրիգորյանին և հաճախակի կազմակերպվող երեկոներին նա նվագակցում է մենակատարներին և հանդես է գալիս դաշնամուրի համար գրված կոնցերտների կատարումներով:

Այսօր դժվար է պատկերացնել երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի երաժշտական կյանքն առանց Ռիտայի պրոֆեսիոնալ և բարեխիղճ մասնակցության: Առավել ևս հիմա, երբ թատրոնը սկզբունքորեն վերադառնում է դեպի իր ժանրի ակունքները, ապա ավելի քան անհրաժեշտ է ունենալ հայկական և արտասահմանյան դասական օպերետների քաջագիտակ երաժիշտ Ռիտա Գրիգորյանի նման արվեստագետներ:
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates