Գլխավոր էջ
info@comedytheater.am
 
 
   
   
Թատրոնի գեղարվեստական-տեխնիկական ողջ մակարդակն ապահովելու, այն պատշաճ բարձրության հասցնելու, բեմի ներքին կարգապահությունը անվրեպ կազմակերպելու համար թատրոնում գործում են գեղարվեստա-տեխնիկական մի շարք արտադրամասեր, որոնցում մեծ պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ աշխատում են իրենց գործի իսկական վարպետներ:

Դա նախ և առաջ բեմադրական մասի վարիչ, իր գործն անթերի գիտցող, բեմադրական աշխատանքները անվրեպ կատարող Լենա Վարժապետյանն է (իր ղեկավարած սպասարկող անձնակազմով), որը կենտրոնացնում և համակարգում է տեխնիկական և սպասարկող անձնակազմի բարդ ու պատասխանատու աշխատանքը:

Հանդիսատեսի համար ոչ տեսանելի բեմադրական բարդ գործընթացը հմտորեն կարգավորող ու իրականացնող Լենա Վարժապետյանը 1969 թվականից եղել է թատրոնի բալետի առաջատար մենապարուհի, պարել է երաժշտական բոլոր ներկայացումներում, աշխատել է որպես պարուսույց, խաղացել է նաև ‹‹Շրջմոլիկն այն աշխարհից››, ‹‹Պըլը-Պուղի››, ‹‹Արտասահմանյան փեսացու››, ‹‹Ախ, ներվեր, ներվեր›› ներկայացումներում, իսկ այժմ թատերական իր ողջ գիտելիքներն ու արտիստական ճաշակը դրել է բեմադրական-տեխնիկական աշխատանքի մեջ: Նրա գլխավորությամբ ամբողջական ու արդյունավետ է թատրոնի գեղարվեստա-տեխնիկական բոլոր արտադրամասերի աշխատանքը:

Մեծ ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ են աշխատում նկարիչ կատարող Հարություն Սահակյանը, հանդերձարանի վարիչ Հայկանուշ Բաբլոյանը, ռեկվիզիտի արտադրամասի պետ Պայծառ Լեմեցյանը, կարի արտադրամասի վարպետներ Ռուբիկ Ադամյանն ու Նունե Հովհաննիսյանը, ձայնային և լուսային սարքավորումների արտադրամասի պատասխանատու Կարեն Սահակյանը, հյուսն Լերմենտ Մուրադյանը, Ռոբերտ Շողիկյանը, մետաղագործ Հակոբ Բագրատյանը, իրենց գործը բարեխղճությամբ են կատարում դիմահարդարներ Արմեն Այվազյանն ու Ազնիվ Խուդոյանը:

Թատրոնն ունի առաջին հայացքից ոչ տեսանելի գաղտնիքներ, որոնց տիրապետելը չափազանց կարևոր է նրա անխափան աշխատանքի կազմակերպման համար (վարագույր, պտտվող բեմեր, վերելակ, շենքի ներքին և արտաքին տեսքի հսկողություն և այլն): Այդ գործի ողջ պատասխանատվության կրողն է թատրոնի ճարտարագետ Լեոնիդ Զոհրաբյանը, որն իր գործը կատարում է ուժերի ողջ լարումով:
Թատրոնում կարևորվում է նաև հուշարարի լարված ու չափազանց պատասխանատու աշխատանքը, որը սիրով կատարում է այդ գործում երկար տարիներ փորձ ձեռք բերած Սեդրակ Դոլաշյանը:


Թատրոնի պատմության մեջ իր լիարժեք վաստակն ու արժանիքն ունի ռեժիսոր Անուշ Սարգսյանը, որի բեմադրած տասնյակ ներկայացումներ իրենց հաստատուն տեղն ունեն մեր թատրոնի հարուստ խաղացանկում: Նա միաժամանակ նաև թատերախմբի վարիչն է: Նոր դերակատարներ պատրաստելու, նրանց ներմուծելու, անհրաժեշտության դեպքում ներկայացոմներ վերաբեմադրելու դժվարին պարտականությունն էլ է դրված Անուշ Սարգսյանի վրա, որի բարեխիղճ և մասնագիտական լուրջ աշխատանքի շնորհիվ, չեն փոխվում նույնիսկ նախապես նշանակված ներկայացումների օրերը:





Իր գործին երկյուղածությամբ ու պատասխանատվությամբ է մոտենում ռեժիսորի օգնական Օֆելյա Ջենջոյանը, որի աշխատանքի ճիշտ կազմակերպման համար պահանջվող չափի, ժամանակի, ռիթմի զգացողությունը գալիս է ոչ միայն իր կայուն բնավորությունից, կրթվածությունից ու պահանջկոտությունից, այլև նրա ստացած երաժշտական-մասնագիտական կրթությունից:
 
 
 
 
 
Ք. Երևան, Վազգեն Սարգսյան 7,
հեռ. 580101,
E-mail: info@comedytheater.am
:: Էջի սկիզբ ::
© 2009 Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | Ձևավորումը` ՍԵՎԱՆ ՍԵՐՎԻՍԻԶ ընկերության
Website templatesBusiness directory UKYellow pages USWebsite design companyWeb design directoryWeb design directory AustraliaWeb design directory CanadaFree restaurant web templates